Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2013


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Սեռական առողջությունը և սեռավարակները

Սեռական առողջությունը և սեռավարակները

Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները (ՍՃՓՎ) արդի առողջապահական, սոցիալական և հոգեբանական ամենալուրջ խնդիրներից են: Սեռավարակները բաժանվում են «դասական» և «նոր» խմբերի: Դրանք հիվանդություններ են, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով և ախտահարում օրգան-համակարգերը:

 

«Դասական» հիվանդությունների թվին են պատկանում գոնորեան, սիֆիլիսը, գարդներելան, սեռական օրգանների հերպեսը, տրիխոմոնիազը, ուրեապլազմոզը, քլամիդիոզը և այլն: Սեռական ճանապարհով փոխանցվող հիմնական հիվանդությունը քոսն է:  ՁԻԱՀ-ը, հեպատիտ B-ն, C-ն, լամբլիոզը հիվանդություններ են, որոնք առավելագույնս ախտահարում են մյուս օրգանները:

 

Ժամանակակից վիճակագրական տվյալներով հնարավոր չէ որոշել սեռավարակակիրների ստույգ թիվը, որի պատճառները մի քանիսն են: Եթե սիֆիլիսի ու գոնորեայի ախտանիշներին ծանոթ են հնուց և, վախենալով այդ հիվանդություններից, բուժվում են, ապա ՙնոր՚ վեներական հիվանդությունների` քլամիդիոզի, տրիխոմոնիազի, գարդներելոզի մասին շատերը նույնիսկ չեն էլ կասկածում և հաճախ բժշկի չեն դիմում, չիմանալով իրենց հիվանդության մասին: Այս վարակներն ընթանում են առանց որևէ ախտանիշի, հատկապես կանանց մոտ: Բացի այդ, վեներական հիվանդությունները վտանգավոր են այնքանով, որ հնարավոր է պտղին փոխանցվեն ներարգանդային կյանքում կամ նորածնին` մայրական կաթի միջոցով: 

 

Սեռավարակների վտանգավորությունը դրանց առաջացրած բարդություններն են: Այդ հիվանդությունները զարգանալով` բերում են շատ լուրջ հետևանքների: Օրինակ, քլամիդիաների, միկոպլազմաների ու ուրեապլազմաների պատճառով շատ հաճախ առաջանում են պրոստատիտ, օրխիտ: Այդ հիվանդությունների բարձիթողի վիճակը տղամարդկանց մոտ կարող է հանգեցնել անպտղության: Կանանց մոտ ևս այս վարակները պատճառ են դառնում ներքին օրգանների, օրինակ` արգանդի բորբոքային հիվանդությունների: Հղիության ընթացքում կամ ծննդաբերության ժամանակ դրանք կարող են փոխանցվել երեխային` առաջացնելով նորածնի աչքերի բորբոքային, շնչուղիների հիվանդություններ, ականջաբորբ և այլն: Այնպիսի սեռավարակը, ինչպիսին մարդու պապիլոմայի վիրուսն է, կարող է դառնալ արգանդի վզիկի քաղցկեղի պատճառ: Լյարդի քաղցկեղի հիմնական պատճառ է համարվում հեպատիտ B-ն: Հերպեսի վիրուսը ներարգանդային կյանքում առաջացնում է ախտաբանական մի շարք երևույթներ: 

 

Սեռավարակներից առաջացած բարդությունները սրվում են 25 տարեկանում` սեռական կյանքով զբաղվելու ամենաակտիվ տարիքում: Ժամանակակից երիտասարդները սեռական կյանքով սկսում են ապրել 14-16 տարեկանում, իսկ արդեն 25 տարեկանում դառնում են մի քանի վարակների կրող, որի պատճառով բուժումը զգալիորեն բարդանում է: Որքան էլ զարմանալի թվա` վարակվելու ռիսկային խմբում են 50 տարեկանին մոտ մարդիկ: Պատճառն այն է, որ նրանք 6 անգամ ավելի քիչ են պահպանակներ օգտագործում և 5 անգամ ավելի քիչ են ստուգվում, քան երիտասարդները: 

 

Զուգընկերը կարող է լինել պոտենցիալ վարակակիր, եթե թմրադեղեր է օգտագործում, կամ եթե նրա աշխատանքը կապված է արյան հետ (բուժքույր, բժիշկ): Վտանգավոր են նաև զուգընկերոջ պատահական հանդիպումները, այսպես կոչված` անփույթ սեռական կյանք վարելը: Վտանգված են մարդիկ, որոնց հեմոդիալիզ կամ արյան փոխներարկում են կատարել: Երբեմն նույնիսկ հետազոտությունների արդյունքներով սեռավարակ չի հայտնաբերվում, բայց դա ոչինչ չի նշանակում, քանի որ ցանկացած վարակ ունի իր գաղտնի շրջանը: Հատկապես տղամարդկանց մոտ հիվանդության նշանները հաճախ արտաքնապես արտահայտված չեն լինում: 

 

Սեռավարակների գաղտնի շրջանը տևում է 1-7 օր: Այս ժամանակահատվածում տղամարդկանց մոտ առաջացող ախտանշաններն են քորը և այրոցի զգացումը, կանանց մոտ, դրանից բացի, լինում է նաև սեռական օրգաններից արտադրություն: Երբեմն մարդիկ հարկ չեն համարում այդ աննշան գանգատների պատճառով բժշկի դիմել, չմտածելով, որ դա վարակի սուր շրջանն է, որը չբուժելու դեպքում վերածվում է քրոնիկականի: Հնարավոր է, որ այդ շրջանում ոչ մի ախտանշան չնկատվի, և հիվանդին թվա, թե ինքնաբուժումը նպատակին ծառայեց, բայց դա այնքան էլ այդպես չէ: Իրականում հիվանդությունը քրոնիկականի վերածվելիս հիմնավորվում է օրգանիզմում, ու այդպիսով մարդը դառնում է վարակակիր: Այս դեպքում արդեն ոչ մի բժիշկ չի կարող ասել, թե երբ ու ինչպես կարող են արտահայտվել այդ վարակի նշանները, իսկ դրանից և կոնկրետ որ օրգանները կարող են ախտահարվել: Հաճախ հիվանդությունը հենց սկզբից էլ իր մասին զգացնել չի տալիս: Դա բնավ էլ վարակի բացակայություն չէ, այլ պարզապես հիվանդությունը հենց սկզբից կրում է քրոնիկական բնույթ: Այնքան էլ ճիշտ չէ հիվանդությունը անմիջապես ախտորոշելը, ասենք, քլամիդիոզ կամ տրիխոմոնիազ, քանի որ սեռավարակները «միայնակ» չեն հանդիպում, այլ միշտ հանդես են գալիս «փնջով»: Եվ որպեսզի այդ հիվանդությունների «փունջը» բուժվի, պետք է գտնել, թե որ հիվանդության հարուցիչն է առաջացրել այն, և, թե հիվանդությունը որ փուլում է գտնվում: Ահա թե ինչու անգամ մի փոքր կասկածի դեպքում պետք է հետազոտվել առնվազն 7 հաճախ հանդիպող վարակների հայտնաբերման կամ դրանց ժխտման համար: 

 

Հիվանդության գաղտնի շրջանը վարակման ակնթարթից մինչև առաջին ախտանիշների ի հայտ գալու ժամանակահատվածն է: Օրինակ` գոնորեան կարող է արտահայտվել վարակվելուց 10-20 օր հետո, իսկ հեպատիտ C-ն մինչև 6 ամիս կարող է չարտահայտվել ընդհանրապես: Հերպեսի ախտանշաններն ի հայտ են գալիս 1-3, միկոպլազմոզինը` 3-5 շաբաթ հետո, սիֆիլիսինը` միջինը 3-4 շաբաթ անց, սակայն այդ ժամանակահատվածը կարող է կրճատվել կամ երկարել մինչև 110 օր: 

 

Սեռավարակներից առաջացած խնդիրները ավելի լուրջ են, քան ցավն ու անհարմարությունը: Հիմնական վտանգը բարդություններն են ու հետևանքները: Դրանք շատ վտանգավոր են թե´ տղամարդկանց, թե´ կանանց սեռական և վերարտադրողական առողջության համար, սակայն հատկապես վտանգավոր են կանանց առողջության համար` հաշվի առնելով հղիության փաստը, քանի որ վարակը պտղին կարող է փոխանցվել ընկերքի միջոցով կամ ծննդաբերության ժամանակ: Եվ, ամենավտանգավորը, բարդությունները կարող են դառնալ թե´ տղամարդկանց, թե´ կանանց անպտղության պատճառ: 

 

Շատերը կարծում են, թե հնարավոր չէ վարակվել այն մարդուց, որի սեռական օրգանների շրջանում բորբոքային ախտանշաններ չեն նկատվում: Նշենք, որ սեռավարակները միայն սեռական ճանապարհով չէ, որ փոխանցվում են, փոխանցվում են նաև արյան միջոցով` արյան փոխներարկման ժամանակ (ՁԻԱՀ, սիֆիլիս, հեպատիտ B), կամ թմրամոլներին` չմանրէազերծված ասեղների պատճառով: Այնպես որ, կանխարգելման համար անպայման պետք է ժամանակին բժշկի դիմել: 

 

Պահպանելով մի քանի հասարակ կանոններ և հետևելով որոշ խորհուրդների, կարելի է հնարավորինս խուսափել սեռավարակներից: Առաջին հերթին պետք է ձեռնպահ մնալ պատահական սեռական կապերից: Ասենք, որ նույնիսկ ամենափորձառու մասնագետը չի կարող երաշխավորել կնոջ կամ տղամարդու առողջ լինելու փաստը: Պահպանակի օգտագործումը պարտադիր է, չնայած միշտ չէ, որ դրանով սեռավարակները 100 տոկոսով կկանխվեն: 

 

Շատերը կասկածելով, որ իրենք վարակվել են ինչ-որ հիվանդությամբ, սկսում են զբաղվել ինքնաբուժմամբ և դրանով ավելի են բարդացնում իրենց ու զուգընկերոջ վիճակը: Մինչդեռ հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու ու բուժելու ամենաճիշտ ու երաշխավորված տարբերակը տարվա մեջ գոնե երկու անգամ համապատասխան բժշկի մոտ հետազոտվելն է:

 

Հեղինակ. Վրեժ Շահրամանյան Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ-ի սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ